ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Եվրամիությունն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղումռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունը։ Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի պաշտպանության նախարարության վերջին հայտարարություններն այն մասին, որ հրադադարի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել։ Հուսով ենք, որ դա կպահպանվի, որ Ադրբեջանը կդադարեցնի ռազմական գործողությունները»,– ասել է նա։
Ստանոն չի մեկնաբանել Լեռնային Ղարաբաղում սրացման ֆոնին Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին` Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորների կոչը։
«Պատժամիջոցների սահմանումը ԵՄ երկրների իրավասության ներքո է»,– ասել է նա:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով այս պահի դրությամբ Արցախում 32 զոհ կա, ավելի քան 200 վիրավոր։
Արցախի Հանրապետության իշխանությունները սեպտեմբերի 20–ին ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: