ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով նախնական տվյալներով տուժել է 34 անձ, տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Տուժածներից 16-ը ոստիկան են, 18-ը՝ քաղաքացիական անձինք»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ տուժածներից 17֊ը ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և դուրս գրվել։ Իսկ 16 տուժած շարունակում է ստանալ մարմնական թեթև վնասվածքներին համարժեք բուժում, 1 անձ վիրահատվել է:
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։
Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիան քաղաքացիներին բերել է ՀՀ կառավարության շենքի մոտ։ Նրանք պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից։