Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային դերակատարների արձագանքի ոչ համարժեք լինելու պատճառով Արցախը հարկադրված կլինի դիմել հարկադրված քայլերի։ Ինչպես հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը, այս հայտարարությունն արել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը այսօր հրավիրված Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում։
Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և Արցախի կողմից այս համատեքստում իրականացվող քայլերը:
«Միջազգային դերակատարների արձագանքն Արցախում ստեղծված կացության և նրա հաղթահարման վերաբերյալ համարժեք չէ, և որևէ գործնական քայլ չի ձեռնարկվում, ինչից ելնելով՝ Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը»,– ասել է Արցախի նախագահը։
Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանն իր հերթին հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է շատ արագ ու համարձակ կերպով որոշումները կայացնեն ու դրանք հրապարակային ներկայացնեն ժողովրդին, որքան էլ ծանր լինեն։
«Ժողովուրդը պետք է ըմբռնի իրավիճակից բխած այդ ճարահատյալ քայլը»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում:
Բեգլարյանն ընդգծել է, որ այս պահին ընթացող արյունալի ցեղասպանությունը պետք է դադարեցնել րոպե առաջ, քանի որ զոհերի ու վիրավորների քանակն արագորեն աճում է, իսկ տարբեր ուղղություններով ադրբեջանական զորքի առաջխաղացումն ու հաջողությունները՝ զարգանում:
Նրա խոսքով` այսպիսի ակնհայտ փակուղում գլխավոր առաջնահերթությունը մարդկային կյանքեր փրկելը պետք է լինի, իսկ Արցախի ապագային առնչվող մնացած հարցերը պետք է քննարկել հրադադարից հետո՝ այնքանով, որքանով հնարավոր է՝ միջազգային հնարավոր երաշխիքներով:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։