Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Արցախում հազարավոր մարդիկ չեն կարողանում գտնել հարազատներին. Արցախի ՄԻՊ

Գեղամ Ստեփանյանը. Արխիվային լուսանկար
Ավելի քան 10.000 մարդ այս պահին տարհանվել է իրենց համայնքներից և տեղափոխվել են այնպիսի վայրեր, որտեղ հարաբերականորեն անվտանգ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Արցախում հազարավոր մարդիկ մինչ օրս չեն կարողանում գտնել իրենց հարազատներին և ընտանիքի անդամներին։ X–ի միկրոբլոգում ահազանգում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք աշխատանքների շրջանակներում հավաքագրվում են տվյալներ զոհված և ճակատագիրը անհայտ քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Արցախի ՄԻՊ–ը տեղեկացնում է, որ ավելի քան 10.000 մարդ այս պահին տարհանվել է իրենց համայնքներից։ Նրանք ստիպված են ապաստան գտնել Արցախի այլ բնակավայրերում, որտեղ հնարավոր է ապահովել հարաբերական անվտանգությունը: Տարհանվածների թվում են կանայք, երեխաներ և տարեցներ։
Արցախի ՄԻՊ–ը շեշտում է` նրանցից շատերն իրենց կյանքում արդեն մի քանի անգամ տեղահանվել են ադրբեջանական ագրեսիայի պատճառով։ Չկա պատշաճ սնունդ, դեղորայք, անհրաժեշտ իրեր։ Սա ազգային աղետ է և մարդու հիմնարար իրավունքների ոտնահարում։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով այս պահի դրությամբ Արցախում 32 զոհ կա, ավելի քան 200 վիրավոր։
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: