ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական զինուժը գնդակոծել է դիերը տեղափոխելու նպատակով Մարտակերտի շրջան ուղարկված շտապօգնության ավտոմեքենան։ Տեղեկությունը հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 5:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծվել է Ստեփանակերտի դիահերձարանի շտապօգնության ավտոմեքենան, որն ուղարկվել է Մարտակերտի շրջան՝ 8 դիակ մայրաքաղաք տեղափոխելու նպատակով»,- գրել է նա X սոցցանցում։
Ստեփանյանը նշել է, որ վիրավորվել է շտապօգնության վարորդը և այս պահին չի կարողանում դիակները տեղափոխել Ստեփանակերտ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։