2024–ի ՆԱՏՕ–ի զորավարժությունները ՌԴ–ի հետ ռազմական բախմանը նախապատրաստվելու մասն են. ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ–ն նման զորավարժությունները սադրիչ է որակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. 2024 թվականին նախատեսված ՆԱՏՕ–ի զորավարժությունները, որոնք սառը պատերազմից ի վեր ամենածավալունն են, Ռուսաստանի հետ ռազմական բախմանը նախապատրաստվելու մասն են` հերթական քայլը Եվրոպայում իրավիճակն ապակայունացնելու համար։ Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
«Դրանք սադրիչ զորավարժություններ են, որոնք ակնհայտ ագրեսիվ բնույթ են կրում, ուժի ցուցադրություն, ռազմաքաղաքական ճնշման փորձ... Սցենարն այնպես է ձևակերպված, որ կասկած չի թողնում նրանում, որ դա ՌԴ–ի հետ ռազմական բախմանը նախապատրաստվելու մաս է կազմում», – ասել է նա լրագրողներին։
Դիվանագետը հավելել է, որ սա հերթական գիտակցված քայլն է` ուղղված Եվրոպայի հյուսիսում իրավիճակն ապակայունացնելուն։
Գրուշկոյի խոսքով` ռազմական տեսանկյունից նման որոշումը որևէ բանի չի հանգեցնի, սակայն դա ևս մեկ անգամ ընդգծում է Ռուսաստանի արևմտյան սահմանների, այդ թվում հյուսիսարևմտյան գոտու պահպանմանն ուղղված «ընդունված և ապագայում ընդունվելիք բոլոր որոշումների իրականացման անհրաժեշտությունը»։
Մեծ ֆանտազիա ու սադրիչ փորձեր. ՌԴ ԱԳ փոխնախարարները` ՆԱՏՕ–ին Հայաստանի միանալու մասին
Ավելի վաղ հայտնել էին 2024 թվականի գարնանը Գերմանիայում, Լեհաստանում և Բալթյան երկրներում` սառը պատերազմից ի վեր ամենաընդարձակ զորավարժություններ անցկացնելու ՆԱՏՕ–ի ծրագրերի մասին, որը նպատակ ունի ենթադրյալ ռուսական հարձակումը հետ մղելուն ուղղված գործողությունների մշակում։