Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Քրեական վարույթ է հարուցվել կառավարության շենքի մոտ անկարգություններ կատարելու համար

Իրավապահները փորձում են նույնականացնել զանգվածային անկարգություններ կազմակերպողներին ու մասնակիցներին` ձերբակալելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու, զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հավաքի մասնակիցները մոտեցել են Կառավարական տուն 1 հասցեում գտնվող ՀՀ կառավարության շենքի մուտքին և չենթարկվելով ոստիկանների կողմից ներկայացված օրինական պահանջին`սկսել են հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ:
«Դրանք զուգորդվել են ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնությամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով և նրանց ուղղությամբ տարբեր առարկաներ նետելով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (Զանգվածային անկարգություններին մասնակցելը) 1-ին մասի և 328-րդ հոդվածի (Զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչերը) 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Իրականացվում է նախաքննություն։ Ուսումնասիրվում են նաև համացանցում տարածված տեսագրությունները։ Զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին և մասնակիցներին ձերբակալելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում վերջիններիս նույնականացնելու, ինքնությունը պարզելու նպատակով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել «Հանրային ձայն» կուսակցության ցուցակով ավագանու ընտրություններին մասնակցող Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ` ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու առերևույթ հրապարակային կոչ հնչեցնելու համար։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Ադրբեջանական հարձակման հետևանքով կա 5 զոհ, 80 վիրավոր։ Հազարավոր քաղաքացիներ հավաքվել են ՀՀ կառավարության շենքի մոտ և պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից։