ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չի շփվել նրա ուղարկած նամակից հետո: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իսկապես, մանրամասն նամակ է եղել, որտեղ ներկայացվում էր հայկական կողմի տեսակետը տեղի ունեցածի վերաբերյալ։ Այդ պահին իրականում աշխատանք էր տարվում դեպի Ղարաբաղ մարդասիրական օգնության հոսքերը վերականգնելու ուղղությամբ։ Եվ ի գոհունակություն մեզ՝ երեկվա դրությամբ այդ աշխատանքը հաջողությամբ պսակվեց։ Առաջին խմբաքանակը երկու ուղղություններով` Աղդամի և Լաչինի ճանապարհներով, ուղարկվեցին, բայց, ցավոք, դա մեզ չփրկեց ռազմական գործողությունների վերսկսումից։ Այդ ժամանակից ի վեր որևէ այլ շփում չի եղել», – ասել է Պեսկովը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սահմանային լարվածության ֆոնին Հայաստանի վարչապետը զանգահարել է արևմտյան երկրների, Իրանի և Վրաստանի առաջնորդներին, իսկ սեպտեմբերի 11-ին խոսել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Սեպտեմբերի 11-ին Հանրային եթերում հարցազրույցի ժամանակ լրագրողի այն հարցին, թե ինչու չի զրուցել Պուտինի հետ, Փաշինյանը պատասխանեց` այս իրավիճակում առաջին զանգը սովորաբար լինում է ՌԴ նախագահին, քանի որ նա այս իրավիճակի մասին վստահաբար տեղեկացված է։ Սեպտեմբերի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն ընդարձակ նամակ է ուղարկել ստեղծված իրավիճակի վերաբերյալ: