ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է ընթանում: Տեղեկությունը հայտնում է ԱԽ գրասենյակը։
«Նիստի օրակարգում քննարկվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունները»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներն ու ռազմական օբյեկտները։
Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։
Հավելենք, որ առավոտից ադրբեջանական կողմը 4 անգամ ապատեղեկատվություն է տարածել Արցախի վերաբերյալ` այդկերպ հող նախապատրաստելով այս սադրանքի համար։