Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Միրզոյանը ՄԱԿ հումանիտար հարցերի գրասենյակի ղեկավարին է ներկայացրել իրավիճակը ԼՂ–ում

ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը շեշտել է ՄԱԿ-ի և իր գործակալությունների կողմից հստակ ուղերձների և քայլերի հրատապությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի ղեկավար Մարթին Գրիֆիթսին է ներկայացրել այսօր Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված լայնամաշտաբ ագրեսիայի մանրամասները։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը թիրախավորում է քաղաքացիական օբյեկտներ և արդեն կան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում։
ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը շեշտել է ՄԱԿ-ի և իր գործակալությունների կողմից հստակ ուղերձների և քայլերի հրատապությունը՝ կանխելու Ադրբեջանի կողմից զանգվածային ոճրագործությունը Լեռնային Ղարաբաղում։
Ընդգծվել է նաև ԼՂ մարդասիրական մուտքի ապահովման կարևորությունը։
Նշենք, որ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 25 զոհ (այդ թվում՝ 2 խաղաղ բնակիչ), 140 վիրավոր։