ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Յուրի Քիմին, որին ներկայացրել է Ադրբեջանի կողմից լայնածավալ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։ Այս մասին ԱԳ նախարարը գրել է X-ի իր միկրոբլոգում։
Նշենք, որ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին։
«Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիան և էթնիկ զտումները կանխելու համար կոնկրետ և ոչ երկիմաստ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը»,– գրել է ՀՀ արտգործնախարարը։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներն ու ռազմական օբյեկտները։
Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Ադրբեջանի հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում առնվազն 2 զոհ կա, այդ թվում՝ մեկ երեխա, ևս 26-ը վնասվածքներ են ստացել, վիրավորներից 11–ը երեխաներ են։