Մի խումբ քաղաքացիներ այս պահին հավաքվել են ՌԴ դեսպանատան դիմաց ու փակել են դեպի դեսպանատուն տանող բոլոր ճանապարհները։ Նրանք պահանջում են, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը կատարի իր ստանձնած պարտավորությունները Արցախում։
«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը նույնպես այնտեղ է։ Նրա կարծիքով` ակնհայտ է, որ Արցախում իրականացվող ցեղասպանությունը տեղի է ունենում միջազգային հանրության թողտվությամբ։
«Մենք` որպես ՀՀ քաղաքացիներ, պահանջում ենք ՌԴ խաղաղապահ զորակազմից իրականացնել իրենց ստանձնած պարտավորությունները՝ առանց անհիմն և չպատճառաբանված արդարացումների, իսկ ՄԱԿ Անվտանգության խորհրդից՝ իրականացնել ՄԱԿ կանոնադրությամբ սահմանված գործառույթները և կանխել Արցախում այս պահին իրականացվող էթնիկ հայերի ցեղասպանությունը»,– գրել է նա սոցցանցում։
Նշենք, որ զուգահեռաբար ակցիա է ընթանում նաև տեղի ունենում նաև ՀՀ կառավարության դիմաց։ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայից հետո նրանք պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կա 5 զոհ, 80 վիրավոր։