ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Լիտվայի, Գերմանիայի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունները Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հրադադար հաստատել։
«Ղարաբաղի հայերի նկատմամբ ամիսներ տևած շրջափակումից հետո Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունները խաթարում են տևական խաղաղություն հաստատելուն ուղղված միջազգային հանրության ջանքերը։ Կոչ ենք անում անհապաղ հրադադար հաստատել և սկսել երկխոսություն Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև, քանի որ դա խաղաղ համակեցություն տանող միակ ճանապարհն է»,– այս մասին X-ի իր էջում գրել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդբերգիսը։
Իսկ Ավստրիայի արտգործանախարարությունը X-ում նշել է, որ խիստ անհանգստացած են Հարավային Կովկասում տեղի ունեցած հարձակումից։ Նրանք կոչ են անել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն։ Շեշտել են` հենց հիմա դեէսկալացիա է պետք։
Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության նախարար Անալենա Բերբոկն ընդգծել է, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի գնդակոծությունները և վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։ Բերբոկն ընդգծել է, որ իրենք աջակցում են ԵՄ–ի ղեկավարության ներքո ընթացող բանակցություններին։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Ադրբեջանի հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում առնվազն 2 զոհ կա, այդ թվում՝ մեկ երեխա, ևս 26-ը վնասվածքներ են ստացել, վիրավորներից 11–ը երեխաներ են։