ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Հնդկաստանը դադարեցրել է Կանադայի հետ առևտրային բանակցությունները որոշ հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառով: Տեղեկությունը Firstpost պարբերականին հայտնել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիուշ Գոյալը:
Ավելի վաղ Կանադայում Հնդկաստանի դեսպան Սանջայ Կումար Վերման հայտնել էր, որ բանակցությունները փակուղի են մտել:
Նախարարի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Կանադան չեղարկել է Հնդկաստան գնացող առևտրային առաքելությունը, որը պետք է Մումբայ ժամաներ հոկտեմբերի սկզբին: Ակնկալվում էր, որ առաքելության աշխատանքը կկենտրոնանա գյուղատնտեսության, պարենի, թվային տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների խնդիրների վրա:
«Մենք դադարեցրել ենք Կանադայի հետ առևտրային երկխոսությանը։ Պետք է համոզվենք, որ աշխարհաքաղաքական և տնտեսական առումով նույն ալիքի վրա ենք։ Որոշակի խնդիրներ, որոնք լուրջ մտահոգություն են առաջացնում, լուսաբանվել են վարչապետներ Նարենդրա Մոդիի և Ջասթին Թրյուդոյի երկկողմ հանդիպման ժամանակ», - նշել է նախարարը:
Հնդկաստանն ու Կանադան առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների վեց փուլ են անցկացրել։
Հիշեցնենք, որ Կանադան հայտարարել է հնդիկ բարձրաստիճան դիվանագետի արտաքսման մասին: Ի պատասխան՝ Հնդկաստանը նաև որոշում է կայացրել երկրից արտաքսել կանադացի բարձրաստիճան դիվանագետին։