ՀՀ–ում կա զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգ. ԱԱԾ

Բողոքի ակցիա ՀՀ կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց
ԱԱԾ–ն զգուշացնում է, որ ձեռնարկվելու են օրենքով նախատեսված գործուն միջոցներ` երկրի սահմանադրական կարգը պահպանելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը` հորդորելով տուրք չտալ հնարավոր սադրանքներին։
Պետք է «ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր կամ որպես բռնություն ընկալվող արտահայտություններ հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից, որոնք իրական նախադրյալներ կարող են ստեղծել երկրի ներքին անվտանգության խաթարման կամ այլ հանցավոր դրսևորումների կատարման համար»,– նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։
ԱԱԾ–ից զգուշացնում են` ձեռնարկվելու են օրենքով նախատեսված գործուն միջոցներ՝ երկրի սահմանադրական կարգը պահպանելու, պետության և քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու համար։ Շեշտվում է` չեզոքացնելու են ՀՀ–ի ներքին անվտանգությունն ապակայունացնող ցանկացած գործողություն։
Նշենք, որ այսօր կեսօրից ակցիա է ընթանում ՀՀ կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց։ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայից հետո քաղաքացիները պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից։