ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի խորհրդարանի վերանորոգման և «ռեստավրացիայի» աշխատանքներում նաև իրանցիներ են ներգրավված, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանը թերթի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը՝ պարզաբանելով՝ «Արև-Լույս-Կասկադ» մասնագիտացված վերելակային ընկերությունը մասնակցել է էլեկտրոնային աճուրդին և ամենացածր գինն է առաջարկել ԱԺ-ի վերելակները փոխելու համար, հետևաբար շահել է տենդերը։
«Այդ ընկերությունը նաև վերելակների արտադրությամբ է զբաղվում, նրանց մոտ երկու իրանցի մասնագետ կա, որոնք տեխնիկական աշխատանքներում են ներգրավված, որպեսզի տեղադրման հետ կապված խնդիրներ չլինեն: Բացի երկու իրանցի մասնագետներից, կազմակերպությունն ունի նաև 6 հայ աշխատակից, այսինքն՝ ընդհանուր 8 հոգով են վերելակները տեղադրում»,–ասաց Անտոնյանը:
Ավելի վաղ թերթը գրել էր, որ ողջ ամառ ԱԺ-ում բուռն վերանորոգումներ են ընթացել. բացօթյա սրճարանի համար տարածքն է կառուցվել, հանձնաժողովների նիստերի համար նախատեսված սենյակներն են վերանորոգվել, այս օրերին էլ խորհրդարանի վերելակներն են փոխվում։