ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու ընտրություններում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը միանգամից երկու ապտակ ստացան։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս հայտարարությունն արեց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը։
Նրա խոսքով` Փաշինյանի համար առաջին ապտակը ընտրողների ցածր մասնակցությունն էր, որն ուղղակի անվստահություն է նրա հանդեպ։
«Հայաստանում տոտալ անվստահություն կա ընտրական ինստիտուտի և իշխանությունների հանդեպ։ Երևանի ավագանու ընտրություններում մենք ունեցանք ապսենտիզմի դրսևորում (ապսենտիզմն այն է, երբ մարդն իրեն օտարում է քաղաքական գործընթացներից), որը խոր ճգնաժամ է առաջացնելու։ Ապսենտիզմը կարելի էր հանդուրժել, եթե դա լիներ ընդդիմադիր ուժերի կողմից ընտրությունները բոյկոտելու կոչի հետևանք։ Բայց այս պարագայում մենք նման կոչ չունենք»,–ասաց Սուրենյանցը։
Քաղաքագետն ընդգծեց` Փաշինյանի բոլոր հավաստիացումները, որ երկրում աննախադեպ ժողովրդավարություն է, փուչիկի պես պայթեցին, որովհետև ժողովրդավարությունը ենթադրում է քաղաքացիների մասնակցություն քաղաքական գործընթացներին, առաջին հերթին` ընտրություններին։
Նա մեջբերեց արտերկրի փորձը, որ մի քանի երկրներ անգամ տույժ են սահմանում ընտրություններին չմասնակցելու համար, և կա հստակ սահմանված ցենզ, որից պակաս մասնակցության դեպքում ընտրությունները համարվում են չկայացած։ Այս առնչությամբ Սուրենյանը նշեց, որ եթե այդ չափորոշիչներով դիտարկենք Երևանի ավագանու ընտրությունները, ապա դրանք կարելի է համարել չկայացած։
Սուրենյանցը միաժամանակ շեշտեց, որ Հայաստանի քաղաքական պատմության մեջ չի եղել ընտրությունների մասնակցության նման ցածր ցուցանիշ։ Այս տարվա մասնակցությունը 15 տոկոսով ցածր է Երևանի ավագանու նախորդ ընտրությունների մասնակցությունից (43 տոկոս)։
Անդրադառնալով Փաշինյանին տրված երկրորդ ապտակին` քաղաքագետը նշեց` միջազգային փորձը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ ընտրություններին մասնակցել են քիչ թվով մարդիկ և կիրառվել է վարչական ռեսուրս, իշխանությունը վերարտադրվել է։
«Նույնիսկ վարչական ռեսուրսի կիրառմամբ նրանց չհաջողվեց վերարտադրվել»,–ասաց Սուրենյանցը։
Հիշեցնենք` Երևանում սեպտեմբերի 17–ին ավագանու ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեցին 13 կուսակցություն և 1 դաշինք։ Քաղաքական ուժերից որևէ մեկին չհաջողվեց 50+ տոկոս քվե հավաքել, բայց նրանցից 5–ը, այնուամենայնիվ, հաղթահարեցին անցողիկ շեմը` «Հանրային ձայն» կուսակցություն (Արտակ Գալստյան), «Ազգային առաջընթաց» կուսակցության (Հայկ Մարության), «Հաղթանակ» կուսակցություն (Արտակ Զեյնալյան), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Տիգրան Ավինյան) և «Մայր Հայաստան» դաշինք (Անդրանիկ Թևանյան)։