ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն առաջարկում է Երևանի Հանրապետության հրապարակում վրաններ տեղադրել, որպեսզի 24-ժամյա ռեժիմով պայքարենՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու համար: Այս մասին նա հայտարարեց կառավարության շենքի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ։
Նա նաև հավելեց, որ դրան զուգահեռ քաղաքական ուժերն իմպիչմենտի գործընթաց են նախաձեռնում։ Թևանյանը կոչ արեց քաղաքացիներին միանալ պայքարին և իրենց լուման ներդնել իշխանափոխության և Արցախի հարցում ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականության փոփոխության համար մղվող պայքարում:
Ակցիայի մասնակիցները փորձում են վրան տեղադրել, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս` նշելով, որ թույլտվություն չկա։
Ոստիկանները որպես այլընտրանք առաջարկում են ավտոմեքենա կանգնեցնել և դրանում գիշերել, եթե նման մտադրություն ունեն։
Նշենք, որ հրմշտոց սկսվեց ոստիկանների և վրան տեղադրել փորձող քաղաքացիների միջև։ Ոստիկաններն ուժի կիրառմամբ ապամոնտաժեցին տեղադրված վրանները։ Մինչ այդ ոստիկանությունը ողջամիտ ժամկետ էր տվել ակցիայի մասնակիցներին վրանները հեռացնելու համար, որից հետո խոստացել էին անցնել կոնկրետ գործողությունների։
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ շարունակեն վրաններ տեղադրելու գործընթացը և չտրվեն սադրանքներին։
Կրկին հրմշտոց ու քաշքշուկ սկսվեց ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև, որի ժամանակ մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացավ։
Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ ակցիայի մասնակիցներից մեկին ոստիկանները բերման ենթարկեցին։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։
Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիան քաղաքացիներին բերել է ՀՀ կառավարության շենքի մոտ։ Նրանք պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից։