Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը հասել է 26–ի. ՄԻՊ

Գեղամ Ստեփանյանը նշել է, որ քաղաքացիական օբյեկտների վնասման կամ ոչնչացման դեպքեր արձանագրվել են Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի շրջանների խաղաղ բնակավայրերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորները 23-ն են: Տեղեկությունը սոցցանցերի իր էջերում հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը հասել է 26-ի (11 երեխա), իսկ զոհերը` 2–ն են (1-ը երեխա)։ Քաղաքացիական բնակչության թիրախավորման, քաղաքացիական օբյեկտների վնասման կամ ոչնչացման դեպքեր արձանագրվել են Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի շրջանների խաղաղ բնակավայրերում և Ստեփանակերտում։ Փաստերի հավաքագրվման առումով կապի համակարգի թիրախավորման և ոչ պատշաճ աշխատանքի հետևանքով ՄԻՊ աշխատակազմը բախվում է լրջագույն խնդիրների»,– ասված է գրառման մեջ:
Փաստահավաք աշխատանքները շարունակվում են։
Ստեփանյանը գրել է, որ 9-ամսյա շրջափակումից, սովամահության ենթարկելուց և հյուծելուց հետո Ադրբեջանի հանցավոր իշխանություններն անցել են Արցախի ժողովրդի ցեղասպանության արյունալի փուլին։ Արցախի ՄԻՊ–ը սա անվանել է ադրբեջանական շարունակական հանցագործությունների անպատժելիության և միջազգային հանրության անհասցե գործողությունների հետևանք։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր հանցավոր հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ` թիրախավորվում են նաև քաղաքացիական օբյեկտներն ու ենթակառուցվածքները։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։