Ադրբեջանը ՌԴ–ին նախապես չի ասել ԼՂ–ում «հակաահաբեկչական գործողության» մասին. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ տեղեկությունը ՌԴ խաղաղապահներին է փոխանցվել ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ռուսասատնի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, թե ադրբեջանական կողմն իբր նախապես զգուշացրել է ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում այսօրվա «հակաահաբեկչական գործողության» մասին։
«Դա չի համապատասխանում իրականությանը: Տեղեկությունը ռուսական զորախմբին է փոխանցվել ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ»,- գրել է Զախարովան Telegram-ում:
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական ​​միջոցներն ու ռազմական օբյեկտները։
Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։
Հավելենք, որ առավոտից ադրբեջանական կողմը 4 անգամ ապատեղեկատվություն է տարածել Արցախի վերաբերյալ` այդկերպ հող նախապատրաստելով այս սադրանքի համար։