Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Ադրբեջանական հրետակոծության հետևանքները. Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել

Տեսանյութում երևում է, որ շենքերի մի հատվածը փլուզված է, ավտոմեքենաները` ջարդուփշուր եղած։
Sputnik
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X–ի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, որում հրետակոծված Ստեփանակերտն է։
Կադրերում երևում է, որ ադրբեջանական զինուժի կողմից թիրախավորվել են Ստեփանակերտի բնակելի շենքերը, մանկական խաղահրապարակները, մարդկանց ավտոմեքենաները։
Շենքերի մի հատվածը փլուզված է, ավտոմեքենաները` ջարդուփշուր եղած։
«Այս ամենը պետք է դատապարտվի և դադարեցվի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,– գրել է Մարուքյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական ​​միջոցներն ու ռազմական օբյեկտները։
Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Ադրբեջանի հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում առնվազն 2 զոհ կա, այդ թվում՝ մեկ երեխա, ևս 11-ը վնասվածքներ են ստացել, վիրավորներից 8–ը երեխաներ են։