Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

2 զոհ, 11 վիրավոր. Ադրբեջանը թիրախավորել է քաղաքացիական բնակչությանն ու բնակելի տները

Զոհերի և վիրավորների մեջ կան երեխաներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը, հրետակոծության են ենթարկվում բնակելի տները, կա առնվազն 2 զոհ 11 վիրավոր։ Այս մասին իր թվիթերյան էջում հրապարակումներ է արել Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Քաղաքացիական բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ: Այս պահին հավաքագրված տվյալների համաձայն՝ Ադրբեջանի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ, այդ թվում ՝ մեկ երեխա, 11-ը վիրավորվել են, այդ թվում՝ 8 երեխա»,–գրել է նա:
Մեկ այլ թվիթում նա հրապարակել է հրետակոծության ենթարկված բնակելի շենքի լուսանկար, որը գտնվում է Ստեփանակերտի կենտրոնական մասում։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական ​​միջոցներն ու ռազմական օբյեկտները։
Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։
Հավելենք, որ առավոտից ադրբեջանական կողմը 4 անգամ ապատեղեկատվություն է տարածել Արցախի վերաբերյալ` այդկերպ հող նախապատրաստելով այս սադրանքի համար։