Վազգեն Թևանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու անցավ ԱԱ կիսաեզրափակիչ

Վազգեն Թևանյան
Գոտեմարտի ընթացքում ոչ սպորտային լեզվակռիվ սկսվեց, բայց մարզիչների միջամտությունից հետո ամեն ինչ հանդարտվեց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը 12։2 հաշվով հաղթեց ադրբեջանցի Հաջի Ալիևին և անցավ կիսաեզրափակիչ։
Թևանյանն իր գոտեմարտերը 65 կգ քաշային կարգում սկսեց 1/16 եզրափակիչից, որում 9։0 հաշվով պարտության մատնեց Բելառուսը ներկայացնող Նյուրգուն Սկրյաբինին։ Մեր ըմբիշն անհամեմատ դժվար հաղթանակի հասավ 1/8 եզրափակիչում, որում նրա մրցակիցը Տաջիկստանը ներկայացնող դաղստանցի ըմբիշ Աբուլմաժիդ Կուդիևն էր։ Թևանյանը նրան հաղթեց 6։4 հաշվով։

Քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը գոտեմարտեց 61 կգ քաշային կարգում աշխարհի եռակի չեմպիոն, 65 և 70 կգ քաշային կարգերում Եվրոպայի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևի հետ։ Գոտեմարտի ընթացքում նույնիսկ ոչ սպորտային լեզվակռիվ սկսվեց, բայց մարզիչների միջամտությունից հետո ամեն ինչ հանդարտվեց։ Վազգենը հաղթեց բացահայտ առավելությամբ։

Թևանյանն օլիմպիական ուղեգիրը կապահովի, երբ դուրս գա եզրափակիչ։
Նշենք, որ այսօր Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Սարգսյանը, 97 կգ քաշային կարգում հաղթելով առաջին գոտեմարտում, երկրորդում պարտվեց հնդիկ մրցակցին ու դուրս մնաց հետագա պայքարից։
Արսեն Հարությունյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար, որը նրան օլիմպիական ուղեգիր կապահովի
Հիշեցնենք` Փարիզ 2024-ի համար վարկանիշային աշխարհի առաջնությունը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել է սեպտեմբերի 16-ին և կտևի մինչև ամսի 24-ը։