ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ու նրա թիմը լծակներ չունեն պարենային գործարքի ռուսական մասի իրագործման հետ կապված համակարգային խնդիրների լուծման համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Ցավոք, ստիպված ենք փաստել, և ՄԱԿ–ի ներկայացուցիչները բազմիցս անձամբ հրապարակային խոստովանել են, որ պետքարտուղարն ու նրա թիմը լծակներ չունեն համակարգային խնդիրների լուծման համար, թեև իսկապես ջանքեր են գործադրում», – ասել է Նեբենզյան։
Միևնույն ժամանակ, ըստ նրա, ռուսական կողմը ձեռքերը ծալած նստած չէ և շարունակում է իրական օգնություն ցուցաբերել Աֆրիկայի, Ասիայի և մերձավոր Արևելքի քիչ զարգացած երկրներին։
«ՌԴ նախագահը մանրամասն լուսաբանում է այդ ջանքերն իր ելույթներում։ Նա արդեն հստակ պայմաններ է նշել «սևծովյան նախաձեռնությանը» Ռուսաստանի վերադարձի վերաբերյալ։ Մենք մանրամասն դրանք շարադրել ենք նաև այստեղ։ Եվ դա շանտաժ չէ, ինչպես փորձում են ներկայացնել Արևմուտքում, այլ պահանջ` կատարելու այն, ինչ մեզ խոստացել են մեկ տարի առաջ», – ընդգծել է ՌԴ դիվանագետը։
Ռուսաստանը հուլիսի 17-ին տեղեկացրել է Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ–ին, որ դեմ է հացահատիկային գործարքի երկարաձգմանը։ Դա նշանակում է, որ Ռուսաստանը հետ է կանչում նավագնացության անվտանգության երաշխիքները և Սև ծովի հյուսիսարևմտյան ջրատարածքում փակում մարդասիրական միջանցքը։ Այդպիսով` առանց Ռուսաստանի մասնակցության սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը հուլիսի 18-ից դադարել է գործել։
Հիշեցնենք` Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրեցին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում էր ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանումը Սև ծովով երեք նավահանգիստներից` ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում էր Ստամբուլում տեղակայված համատեղ համակարգող կենտրոնը։