Հումանտար բեռի տեղափոխումը ԼՂ–ին շրջափակումից չի ազատում. Բելգիայում ՀՀ դեսպան

Սեպտեմբերի 18-ի առավոտյան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հումանիտար օգնությամբ բեռնատարները միաժամանակ անցել են Լաչինի միջանցքով և Աղդամի երթուղով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի -Sputnik. Աղդամի երթուղով բեռնափոխադրումը Լեռնային Ղարաբաղ չի կարող դիտարկվել որպես Լաչինի միջանցքի բացում, այսինքն` շրջափակման վերացման անհրաժեշտության մասին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշման կատարում։ Այս մասին X-ի իր էջում գրել է Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։
«Սա չի դիտվում որպես Ալիևի բռնապետական ռեժիմի կողմից Արցախի ապօրինի շրջափակման վերացում։ Ընդհակառակը, այսօրվա մատակարարումը սադիստական շրջափակման ուժեղացում է, որը շարունակվում է 9 ամիս»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Բերձորի (Լաչին) միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան (ռուսական, շվեյցարական) արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ։
2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։