ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանն ունի բավականին լավ կրթված և մեծ հնարավորություններով աշխատուժ բժշկական ոլորտում, իսկ աշխարհում այսօր բուժաշխատողների մեծ պակաս կա: Հայաստան–ԱՄԷ գործարար համաժողովի շրջանակում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ԱՄԷ պատվիրակության ղեկավար, ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի նախագահ Աբդուլլահ ԱլՄազրուին։
«Մենք կարծում ենք, որ այս ոլորտում հնարավոր է համագործակցություն: Նաև հնարավոր է համագործակցություն մասնավոր բուժհաստատությունների հետ։ Առաջիկա այցերի ժամանակ նախատեսում ենք, որ այս հաստատությունները ևս կմասնակցեն բիզնես–ֆորումներին: Հատկանշական է, որ ՀՀ–ն այս ոլորտում բավականին մեծ հարկային արտոնություններ է տրամադրում, ինչը ոգեշնչող է»,– նշեց նա:
ԱլՄազրուին վստահեցրեց, որ ԱՄԷ–ում տնտեսության զարգացումը բավականին բարձր մակարդակի վրա է, այդ թվում նաև բժշկական ոլորտը։ Նրա խոսքով` ԱՄԷ–ում արդեն գործում են այս ոլորտի` աշխարհի 4 լավագույն ընկերությունները:
«Ինչպես ԱՄԷ–ն, այնպես էլ էմիրաթական ամբողջ մասնավոր հատվածը հետաքրքրված է հաջողակ գործընկերների հետ համագործակցությամբ, և այդ տեսանկյունից Հայաստանը մեզ շատ հետաքրքիր է, որովհետև երկրի տնտեսությունը գրանցում է բավականին դինամիկ ու կայուն աճ»,– ընդգծեց նա:
Ըստ նրա` այս պահին իրենք ՀՀ–ում են, որպեսզի հասկանան` ենթակառուցվածքային և լոգիստիկ տեսանկյունից ինչ ուղիներ կան փոխադարձ առևտուրը և տնտեսական համագործակցությունը խթանելու համար:
Հիշեցնենք, որ Երևանում սեպտեմբերի 18-ին անցկացվում է Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ գործարար համաժողով։ Համաժողովը կազմակերպվել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի, Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի կողմից։ Համաժողովի շրջանակներում ստորագրվեցին փոխըմբռնման հուշագրեր «Էնթերփրայզ Արմենիայի» և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ԱՄԷ գործարար կանանց խորհրդի միջև։