ԵՄ–ն պատրաստ է աջակցել Բաքվի և Ղարաբաղի հայերի երկխոսությանը

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը . Արխիվային լուսանկար
Եվրախորհրդի ղեկավարն անհրաժեշտ է համարում կանոնակարգել բացված ճանապարհներով մատակարարումների ընթացքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ողջունել է դեպի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական բեռնափոխադրումների վերսկսումը։ Այս մասին Միշելը գրառում է արել X–ի իր միկրոբլոգում։
«Ողջունում ենք մարդասիրական բեռների միաժամանակյա անցումը Լաչինով և Աղդամով»,– գրել է Միշելը։
Նա հավելել է, որ այժմ այդ ամենը պետք է կանոնակարգվի։ Եվրախորհրդի ղեկավարն անդրադարձել է նաև Ադրբեջանի և Ղարաբաղի միջև երկխոսություն սկսելու անհրաժեշտությանը։
«Կարևոր է նաև Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև բանակցություններ սկսել նրանց իրավունքների և անվտանգության վերաբերյալ»,– գրել է Միշելը։
Նա շեշտել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել։
Հիշեցնենք` երեկ` սեպտեմբերի 17–ին, հայտնի դարձավ, որ Արցախի իշխանությունները որոշել են թույլ տալ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների տեղափոխումը` շեշտելով, որ խոսքը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով արտասահմանյան ծագում ունեցող հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխման մասին է` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով։
Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ Ակնա-Ստեփանակերտ երթուղով ԿԽՄԿ-ն հումանիտար օգնություն է ուղարկել շրջափակված Արցախ։ Ադրբեջանում ԿԽՄԿ Ներկայացուցչի խոսքով՝ Աղդամով տարած բեռները ներառում են ալյուր և դեղորայք։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։