ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկը խոստովանել է, որ գերմանացիներից շատերի համար ակնհայտ չեն պատճառները, որոնց համաձայն Բեռլինը պետք է աջակցի Ուկրաինային։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«ԱՄՆ–ում բազմաթիվ մարդիկ հարցադրում են անում. «Ուկրաինան մեզնից բավական հեռու է, ինչո՞ւ է այն կարևոր մեզ համար»։ Եվ միայն ԱՄՆ–ում չէ, այլ մեզ մոտ` Գերմանիայում էլ։ Մարդիկ տեսնում են Ուկրաինայի իրավիճակով պայմանավորված գնաճը», – Բլումբերգին տված հարցազրույցում ասել է Բերբոկը։
Այնուամենայնիվ, Եվրոպան, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարը, ամերիկյան «բարեկամների և գործընկերների» աջակցման կարիքն ունի ինչպես երբևէ։ Ըստ նրա` անհրաժեշտ է աշխարհին ցույց տալ, որ դաշնակիցներն Ուկրաինայի կողքին են լինելու այնքան, որքան հարկավոր կլինի։
Ավելի վաղ Ռուսաստանը ՆԱՏՕ–ի երկրներին նոտա էր հղել Ուկրաինային սպառազինություն մատակարարելու պատճառով։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, Ռուսաստանի համար օրինական թիրախ է հանդիասանալու։ ՌԴ ԱԳՆ–ում հայտարարել էին, որ ՆԱՏՕ–ի երկրները «կրակի հետ են խաղում»` Ուկրաինային զենք մատակարարելով։