ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որը ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակում գտնվում է Նյու Յորքում, տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր է քննարկել Սերբիայի առաջին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի իրականացրած ոտնձգություններին։
«Ընդգծվել է Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման և դեէսկալացիայի մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, ՀՀ ԱԳ նախարարը սերբ գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը:
Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի մոտակայքում ադրբեջանական զորքերի կուտակումները միտված են նաև խոչընդոտելու տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու հայկական կողմի ջանքերին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ օրակարգի համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք նշվել է բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման կարևորությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների քննարկման, քաղաքական երկխոսության ամրապնդման և փոխշահավետ կապերի զարգացման նպատակով:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին հայտարարեց, որ իրադրությունը Հայաստան–Ադրբեջանի սահմանի երկայնքով շարունակում է լարված մնալ, Ադրբեջանը շարունակում է զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով։