Ի՞նչ է գրել Փաշինյանը Պուտինին ուղղված նամակում

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը
ՀՀ վարչապետը շեշտեց, որ թեպետ պաշտոնական գրագրությունը գաղտնի է, բայց հանրությունը, ըստ էության, տեղյակ է այն մասին, ինչ գրվել է նամակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանային իրադրության վերաբերյալ իր գնահատականն է ներկայացրել։ Այսօր Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո ընտրատեղամասի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց վարչապետը։ Նա ընդգծեց` ՌԴ նախագահին նամակում գրել է այն գնահատականը, որը ներկայացրել էր վերջին ամիսներին իրենց 7-8 հեռախոսային խոսակցությունների ընթացքում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սահմանային լարվածության ֆոնին Հայաստանի վարչապետը զանգահարել է արևմտյան երկրների, Իրանի և Վրաստանի առաջնորդներին, իսկ սեպտեմբերի 11-ին խոսել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Սեպտեմբերի 11-ին Հանրային եթերում հարցազրույցի ժամանակ լրագրողի այն հարցին, թե ինչու չի զրուցել Պուտինի հետ, Փաշինյանը պատասխանեց` այս իրավիճակում առաջին զանգը սովորաբար լինում է ՌԴ նախագահին, քանի որ նա այս իրավիճակի մասին վստահաբար տեղեկացված է։ Սեպտեմբերի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն ընդարձակ նամակ է ուղարկել ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Մեր հրապարակային և աշխատանքային խոսույթի բովանդակություններն իրարից շատ չեն տարբերվում։ Պաշտոնական նամակները ժանրի կանոններ ունեն, տեղավորում ենք այդ ժանրի կանոնների մեջ, նույն բանն ենք ասում։ Այո՛, այդ գրագրությունը գաղտնի է և այլն, այդ նամակները չեն հրապարակվում, բայց դուք գիտեք դրա բովանդակությունը»,– ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով սահմանային իրադրությանը` վարչապետը հայտնեց, որ փոփոխություն չկա, այն իրավիճակն է, որի մասին խոսել է կառավարության վերջին նիստում։
Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչ կարծիք ունի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարության մասին, թե Հայաստանը «ռուսներին քշում է Արևմուտքին աջակցելու համար», Փաշինյանը նշեց` նախընտրում է մեկնաբանել իր գործընկերների հայտարարությունները։ Նա հավելեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է` Հայաստանի և ՀՀ վարչապետի հետ խնդիրներ չկան։