ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Financial Times թերթին տված հարցազրույցում նշել է, որ ԵՄ-ն երբեք Սերբիային այնքան աջակցություն չի ցուցաբերել, որքան Ուկրաինային: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես նշում է թերթը, Կիևը ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել 2022 թվականի փետրվարին և չորս ամիս անց ստացել է թեկնածուի կարգավիճակ, մինչդեռ Բելգրադը հայտ ներկայացնելուց հետո ստիպված է եղել ավելի քան չորս տարի սպասել ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկին:
«Ես ուկրաինացիների դեմ ոչինչ չունեմ», - ասել է Վուչիչը: Սակայն, Վուչիչի կարծիքով, Ուկրաինային ԵՄ-ի աջակցության մակարդակը, ինչպես նաև Կիևին ԵՄ-ում թեկնածուի կարգավիճակի տրամադրումը հայտի և հաջորդ տարի ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների հնարավոր մեկնարկը «ցույց է տալիս մեզ, որ մենք (Սերբիան-խմբ.) երբեք նման քաղաքական աջակցություն չենք ունեցել»:
Նախագահն ավելացրել է, որ ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացի ձգձգումը չի արտացոլում իր երկրում տիրող իրական իրավիճակը: Սերբիան, նրա խոսքով, «շատ ավելի լավ վիճակում է, քան Ռումինիան և Բուլղարիան 2007 թվականին, երբ նրանք միացան ԵՄ-ին»:
Վլադիմիր Զելենսկին 2022 թվականի փետրվարի 28-ին ստորագրել է Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության հայտը։ ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարները 2022 թվականի հունիսի 23-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում հավանություն են տվել Ուկրաինային և Մոլդովային միությանն անդամակցելու թեկնածուների կարգավիճակ տրամադրելուն։ Եվրահանձնաժողովը Ուկրաինային ԵՄ-ում թեկնածուի կարգավիճակ տրամադրելու առաջարկություններում յոթ պայման է դրել։
Թեկնածուի կարգավիճակ ստանալը ԵՄ-ին անդամակցելու բավական երկար ճանապարհի սկիզբն է միայն։ Թուրքիան թեկնածուի կարգավիճակում է 1999 թվականից, Հյուսիսային Մակեդոնիան՝ 2005-ից, Չեռնոգորիան՝ 2010-ից, իսկ Սերբիան՝ 2012-ից: Վերջինը ԵՄ-ին անդամակցել է Խորվաթիան, դա տեղի է ունեցել 2013 թվականին, գործընթացը տևել է տասը տարի։
Սպասվում է, որ Եվրամիության ընդլայնման հարցը կքննարկվի Եվրամիության աշնանային գագաթնաժողովում: