ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքում այցելել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության դաշտային շարժական հոսպիտալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԶՈւ բժշկական անձնակազմը Հոհենֆելսում մասնակցում է ԱՄՆ ռազմաբազայում անցկացվող «Միաձուլված սուր-2023» բազմազգ զորավարժությանը։
«Այցի ընթացքում ԱՄՆ կազմակերպիչների կողմից պատվիրակությանն են ներկայացվել զորավարժության մտահղացումը, իրականացվող միջոցառումները, զորավարժության ընթացքը և փոխգործակցության կազմակերպումը»,–ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հայկական պատվիրակությունը եղել է հոսպիտալի ծավալման շրջանում, տեղում ծանոթացել կատարվող աշխատանքներին, վարժանքների կազմակերպման ընթացքին, պայմաններին, զրուցել և ոգևորել է զորավարժությանը մասնակցող բժշկական անձնակազմին։
Այցի ավարտին զորավարժության ամերիկյան կողմի հետ քննարկվել և համաձայնեցվել են հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր։
Ինչպես զորավարժության կազմակերպիչների, այնպես էլ մասնակից այլ պետությունների կողմից բարձր են գնահատվել ՀՀ ԶՈւ դաշտային հոսպիտալի պատրաստվածությունը, տարբեր իրավիճակներում արագ արձագանքելու ու գործելու կարողությունը, ինչպես նաև անձնակազմի անհատական պատրաստվածության ու արհեստավարժության մակարդակը։