Այս զրպարտությանը անհրաժեշտ պատասխան կտրվի. Թուրքիայի ԱԳՆ–ն` ԱՄՆ Պետդեպի զեկույցի մասին

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպը Թուրքիան ներառել էր երեխա զինվորներին օգտագործող երկրների ցանկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի ԱԳՆ–ն կտրուկ քննադատել է ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը, որում երկրին մեղադրել են երեխաների հավաքագրման մեջ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպը Թուրքիան ներառել էր երեխա զինվորներին օգտագործող երկրների ցանկում։
«Ակնկալվում էր, որ ԱՄՆ–ն, որը ռազմական և ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ՔԱԿ/YPG ահաբեկչական կազմակերպությանը (Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցություն, – խմբ.), որը բռնի հավաքագրում է երեխաների Սիրիայում և Իրաքում ահաբեկչություններին մասնակցելու համար, կբախվի այս իրականությանը նախքան Թուրքիայի դեմ նման զրպարտությամբ հանդես գալը։ Լուրջ կասկածներ է առաջացնում տեղեկության աղբյուրների օբյեկտիվությունը, որոնց հիման վրա ԱՄՆ իշխանությունները հիմնավորում են իրենց որոշումները։ Դաշնակցային ոգու հետ անհամատեղելի այս զրպարտությանը անհրաժեշտ պատասխան կտրվի», – ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Գերատեսչությունում նշել են, որ Սիրիայում իրավիճակի հետաքննման ՄԱԿ–ի հանձնաժողովի` 2023 թվականի սեպտեմբերի 12-ի զեկույցում ՔԱԿ/YPG ահաբեկչական կազմակերպության բազմաթիվ լուրջ հանցագործություններ են արձանագրվել, այդ թվում երեխաների հավաքագրում, նրանց առևանգում, ազատազրկում և ռազմական նպատակներով դպրոցների օգտագործում։
Թուրքիայի արտգործնախարարն ընդունել է Էրդողանի կողմից «մերժված» ԱՄՆ դեսպանին
«2022 թվականին կրոնի ազատության մասին ԱՄՆ Պետդեպի Իրաքի վերաբերյալ զեկույցում նշվում է, որ ՔԱԿ–ը հարյուրավոր եզդի երեխաների է առևանգել բռնի հավաքագրման և գաղափարական «ուղեղի լվացման» նպատակով։ Կցանկանայինք հիշեցնել, որ անջատողական ահաբեկչական կազմակերպության բռնի պրակտիկայի և լուրջ հանցագործությունների ուսումնասիրությունը ԱՄՆ հիմնական պարտավորություններից մեկն է», – ասվում է ԱԳՆ–ի հայտարարության մեջ։
Նշվում է, որ Թուրքիան պահպանում է տարածաշրջանային և միջազգային համաձայնագրերը և նախկինի պես վճռականորեն շարունակելու է իր ջանքերը` ուղղված մարդկանց վաճառքի հետ կապված հանցագործությունների կանխարգելմանը։