Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական կողմը հրաձգային զենք է կիրառել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական զինուժը կրկին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 00:20-00:40-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ջիլի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ տևական ժամանակ է՝ Ադրբեջանի ՊՆ-ն նախ հաղորդագրություն է տարածում, թե հայկական ստորաբաժանումներն իբր կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ (ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտապես հերքում է այդօրինակ հաղորդագրությունները), իսկ հետո ադրբեջանական զինուժն է կրակ բացում հայկական դիրքերի ուղղությամբ։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7–ին կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ՀՀ–ի և Արցախի շփման գծերում։
Նույն օրը ՀՀ ԱԳՆ–ն հաղորդագրություն տարածեց` նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ առկա խնդիրների` բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը և պատրաստ է այս ուղղությամբ առաջին իսկ պատեհ հնարավորության դեպքում շարունակել Ադրբեջանի հետ քննարկումները: