Ադրբեջանի տարածած հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում. ՀՀ ՊՆ

Ադրբեջանը սուտ լուրեր է տարածում ամենօրյա ռեժիմով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածելու իր քաղաքականությունը։ ՀՀ ՊՆ–ն հերթական անգամ հերքել է հարևան երկրի տարածած լուրը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 16-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈւ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասվում է ՀՀ ՊՆ–ի տարածած հերքման տեքստում:
Նշենք, որ տևական ժամանակ է՝ Ադրբեջանի ՊՆ-ն նախ հաղորդագրություն է տարածում, թե հայկական ստորաբաժանումներն իբր կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ (ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտապես հերքում է այդօրինակ հաղորդագրությունները), իսկ հետո ադրբեջանական զինուժն է կրակ բացում հայկական դիրքերի ուղղությամբ։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7–ին կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ՀՀ–ի և Արցախի շփման գծերում։
Նույն օրը ՀՀ ԱԳՆ–ն հաղորդագրություն տարածեց` նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ առկա խնդիրների` բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը և պատրաստ է այս ուղղությամբ առաջին իսկ պատեհ հնարավորության դեպքում շարունակել Ադրբեջանի հետ քննարկումները: