ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Հայտնի ռուս բլոգեր Ալեքսեյ Ռոմանովի կնոջ՝ Յանա Զելենսկայայի մահվան կապակցությամբ, ինքնասպանության հասցնելու հոդվածով քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Հայտնել էինք, որ երեկ` սեպտեմբերի 14–ին, ժամը 21:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնությունից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Տպագրիչների 6-րդ շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել է կնոջ դի:
«Ամուսինն է կնոջը տանը հայտնաբերել և ահազանգել ոստիկանություն։ Դեպքի կապակցությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 162–րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը)»,-ասաց նա։
Աբրահամյանի խոսքով` դեպքի վայրի զննություն է կատարվել։ Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է։
Նշենք, որ Ալեքսեյ Ռոմանովը Խաբարովսկից է, նախկին հաղորդավար ու լրագրող:
Նա 2018թ. ապրիլին՝ «թավշյա հեղափոխության» օրերին, եղել է Հայաստանում: Հրապարակել է հեղափոխական ցույցերի մասին տեսանյութեր: Հարցազրույցներ է արել Նիկոլ Փաշինյանի հետ, անգամ լուսանկարվել է ու հրապարակել այն։