Ջանքեր են պետք ՀԸԳՀ կիրարկման գործընթացի համար. Գրիգորյանն ընդունել է ՀՀ–ում ԵՄ դեսպանին

Հանդիպման ընթացքում կարևորվել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պայմանավորվածություն է ձեռք բերել Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ` համատեղ ջանքեր գործադրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցներն ընդգծել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման կարևորությունը ոլորտային բարեփոխումների իրականացման տեսանկյունից»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների մակարդակը: Այս համատեքստում կարևորվել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքները:
Քննարկվել է նաև ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերի ընթացքը, այս համատեքստում շեշտվել է ԵՄ ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության կարևորությունը:
Նշենք, որ ավելի վաղ Մարագոսը ղեկավարում էր Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրենությունում Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի բաժինը։ Նախկինում նա նույն տեղում աշխատել էր որպես Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար:
Հայաստանում դեսպանի պաշտոնում Մարագոսը փոխարինել է Անդրեա Վիկտորինին, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականից: