ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. 2020 թ–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո իրադրությունը չի կայունանում, որովհետև ոմանք չեն հասել իրենց նպատակին` ծնկի բերել Հայաստանի Հանրապետությունը, կասկածի տակ դնել անկախությունը, ինքնիշխանությունը և պետականությունը։ Այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Օգտվելով մեր կենտրոնացվածությունից Լեռնային Ղարաբաղի հարցի և կարգավիճակի նկատմամբ` շատերը օգտագործում են դա ՀՀ կարգավիճակը կասկածի տակ դնելու համար»,– ասաց նա։
Նա հայտարարեց, որ հիմա ո՛չ 1999 թվականն է, ո՛չ հոկտեմբերը, ո՛չ 27-ը և ո՛չ էլ 2020 թվականը։ Հիմա 2023 թ.–ն է, և հիմա Հայաստանը ինքնիշխան ու հպարտ, հաստատակամ, միասնական ընդգծում է իր մայրաքաղաքը որպես պետականության ամենամեծ սիմվոլ։
Հիշեցնենք` 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։