Հայաստան է ժամանել ԱՄՆ բանակի երկու գեներալ

Ամերիկացի զինվորականները զորավարժությունների ընթացքին հետևել են Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ բանակի երկու գեներալներ Հայաստան են ժամանել հայ-ամերիկյան EAGLE PARTNER 2023 («Արծիվ գործընկեր -2023») զորավարժությունների շրջանակում: Տեղեկությունը հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ 10-րդ լեռնային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Գրեգորի Անդերսոնը և Եվրոպայում և Աֆրիկայում ցամաքային զորքերի շտաբի պետի օպերատիվ գծով տեղակալ, բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ ուրբաթ հետևել են զորավարժությունների ընթացքին:
Հայաստանի և ԱՄՆ-ի զորավարժությունները կապված չեն հակամարտության հետ․ Պետդեպ
Սեպտեմբերի 6-ին ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները տեղի կունենան հայկական տարածքում սեպտեմբերի 11-20-ը:
Զորավարժություններին կմասնակցեն 175 հայ և 85 ամերիկացի զինվորականներ։ Նրանք ԱՄՆ բանակի 101-րդ օդադեսանտային դիվիզիայից և Կանզաս նահանգի Ազգային գվարդիայից են, որի հետ Հայաստանը 2003 թվականից գործընկերային ծրագիր ունի:
ԱՄՆ-ի հետ զորավարժություն անցկացնելու Երևանի ծրագիրը զգուշավորություն է առաջացնում. Պեսկով