Երևանի հանրային տրանսպորտում արդեն գործում է միասնական տոմսային համակարգը

Նշվում է, որ առաջիկա մեկ ամսում ամբողջապես կավարտվի «MAN» ավտոբուսների կահավորումը, այնուհետև՝ տոմսային միասնական համակարգ կներդրվի տրոլեյբուսներում ու մետրոպոլիտենում:
Sputnik
Երևանի հանրային տրանսպորտում մեկնարկել է միասնական տոմսային համակարգի ներդրման հիմնական ծրագիրը: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Միասնական տոմսային համակարգն արդեն գործում է 36 համարի ավտոբուսում։
Նշվում է, որ առաջիկա մեկ ամսում ամբողջապես կավարտվի MAN ավտոբուսների կահավորումը, այնուհետև տոմսային միասնական համակարգ կներդրվի տրոլեյբուսներում ու մետրոպոլիտենում: Մինչև տարեվերջ գործընթացը կավարտվի ներկրված մյուս բոլոր ավտոբուսներում:
«Կլինեն թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, մշտական օգտագործման ավտոբուսային քարտեր, բանկային քարտեր ու բջջային հավելված: Telcell-ում կա «Տրանսպորտ» կոճակը, որը սեղմելով հնարավոր է ձեռք բերել մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմս։ Այն հեշտությամբ ճանաչում է (վալիդացնում է) ավտոբուսում տեղադրված համապատասխան սարքը»,– նշեց «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը։
Նրա խոսքով` համակարգի ամբողջական ներդրումից հետո Երևանը կձերբազատվի մետաղադրամներով վճարելուց։
Երևանցիներն իրական ժամանակում կտեսնեն հասարակական տրանսպորտի տեղաշարժը
Քաղաքապետարանից վստահեցնում են, որ սկզբանական փուլում չեն բացառում, որ դժվարություններ կլինեն ինչպես վալիդացման սարքից օգտվելու, այնպես էլ տոմսային միասնական համակարգի հետ կապված։