ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ավստրալացի հայտնի դերասան Հյու Ջեքմանը 27 տարվա ամուսնությունից հետո բաժանվում է դերասանուհի Դեբորա-Լի Ջեքմանից: Տեղեկությունը հայտնում է «People» ամսագիրը` հղում անելով զույգի հայտարարությանը։
«Մեզ բախտ է վիճակվել գրեթե երեք տասնամյակ ապրել գեղեցիկ, սիրով լի ամուսնական կյանքով։ Այժմ մեր ճանապարհները շեղվում են, որպեսզի կարողանանք շարունակել մեր անհատական աճը», - ասված է հայտարարությունում։
Նրանք երկրպագուներին շնորհակալություն են հայտնել իրենց անձնական կյանքի նկատմամբ ըմբռնման ու հարգանքի համար` ընդգծելով, որ հիմա բարդ շրջան են անցնում։
Հյուն և Դեբորան ունեն երկու զավակ՝ 23-ամյա Օսկարը և 18-ամյա Ավան, որոնց որդեգրել են։
Հիշեցնենք, որ Ջեքմանը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց «Իքս մարդիկ» ֆիլմի շնորհիվ։