ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Արդարադատության նախարարությունը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մասով գործընթաց է սկսել։ Քննության արդյունքները դեռ չկան։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Հայտնել ենք, որ օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սերգեյ Ատոմյանն ազատվեց Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2021 թվականի սեպտեմբերի 15–ից։ «Ժողովուրդը» հետո գրեց, որ Ատոմյանի հեռացումն առաջին հերթին կապված է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ։
Եվ ահա երեկ` սեպտեմբերի 14–ին, ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշեց, որ արդարադատության նախարարության վերահսկողական վարչությունը դեպքի վերաբերյալ քննություն է սկսել օգոստոսի 7–ին։
Հիշեցնենք` ըստ «Ժողովուրդ»–ի հրապարակման` օգոստոսի 1-ին, երբ ԱԱԾ մեկուսարանից պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին տեղափոխելիս են եղել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին, ճանապարհին նա խնդրել է ուղեկցողներին, որ թույլ տան կարճ տեսակցել մորը, հետո շարունակել ճանապարհը դեպի Ազգային ժողով: Տոնոյանին ուղեկցող ծառայողները կապ են հաստատել Սերգեյ Ատոմյանի հետ՝ թույլտվություն ստանալու համար:
ՔԿՀ պետը թույլ է տվել, որ Տոնոյանը գնա տուն ու տեսակցի մորը՝ պայմանով, որ ոչ ոք չիմանա։ Ասել է թե՝ նախարարությունում ստուգում են, թե ինչպես է կալանքի տակ գտնվող նախկին նախարարը գնացել տուն։Ինֆորմացիան հասել է կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանին և նա բարկացած հրահանգել է իր խմբակցության նախկին պատգամավոր Ատոմյանին հեռացնել ՔԿՀ ղեկավարի պաշտոնից:
Ի դեպ, ՔԿ ծառայության պետի պաշտոնը դեռ թափուր է։