Ստախոսությունը սահման չի ճանաչում. Զուրաբյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին

Լևոն Զուրաբյան
ՀԱԿ փոխնախագահի խոսքով` Փաշինյանը փորձում է իր վրայից մաքրել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մեղքը, շարունակում է ստել, դեմագոգիայով զբաղվել, իսկ Լևոն Տեր–Պետրոսյանը միշտ մերժել է ԼՂ–ն Ադրբեջանի մաս հիշատակելու տարբերակները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը երբեք չի ընդունել Ադրբեջանի ամբողջականության ճանաչումը` որպես ղարաբաղյան հակամարտության հիմք` հետևողականորեն վետո կիրառելով ԵԱՀԿ–ի որևէ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս հիշատակելու փորձերի դեմ և մերժելով նման լուծում առաջարկող որևէ տարբերակ։ Այս հայտարարությունն արել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը` արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովում հնչեցրած հայտարարություններին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց էր ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե երբվանից Ալմա Աթայի հռչակագիրը դարձավ Արցախյան հակամարտության կարգավորման հիմք, երբ Հայաստանն այդ փաստաթուղթը չի էլ վավերացրել։ Փաշինյանն էլ ի պատասխան մեջբերել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի` 1991 թվականի դեկտեմբերի հարցազրույցը, որում նախագահն ասում է. «Ռուսաստանյան ինքնավարությունների կարգավիճակն այսօր այնպիսին է, որ, կարծում եմ, լիովին կբավարարեր Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Ավելին` մենք չենք էլ ցանկանում»։ Վարչապետի խոսքով` հենց այդ պահից էլ Ալմա Աթայի հռչակագիրը հայտնվել է Լեռնային Ղարաբաղի հարցի համատեքստում։ Սրան արձագանքել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` նախ նշելով, որ Լևոն Տեր–Պետրոսյանի հարցազրույցը կիսատ ու համատեքստից կտրված է մեջբերվում, ապա հավելել էր, որ այսքան տասնամյակ անց ՀՀ իշխանությունների ձեռքով Ալմա Աթայի հռչակագիրը դրվեց Ալիևի, տարբեր երկրների բանակցողների բերանը։
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը շեշտել է` Հայաստանը չի վավերացրել Ալմա Աթայի հռչակագիրը, Հայաստանը ստորագրել և վավերացրել է Մինսկում ստորագրված Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի միջև ստորագրած հռչակագիրը։
«Հաշվի առնելով Ադրբեջանի հնարավոր միացումը ԱՊՀ–ին` Հայաստանը վերոհիշյալ հռչակագիրը վավերացրել է համապատասխան վերապահումներով` ըստ էության հայտնելով, որ տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքը չի տարածվում նախկին ինքնավարությունների վրա, որոնք ԽՍՀՄ օրենքների համաձայն հայտարարել են իրենց անկախության մասին։ Դա Հայաստանի Հանրապետության համար այսօր էլ գործող օրենսդրական հիմք է»,– ընդգծել է Զուրաբյանը։
«Արցախի հարցով Փաշինյանի մտքերն արտագրված են ադրբեջանական պրոպագանդայից». Աշոտյան
Ինչ վերաբերում է «Կոմսոմոլսկայա պրավդա» ռուսական թերթին 1992 թվականի մարտին Տեր–Պետրոսյանի տված հարցազրույցին, ՀՀ առաջին նախագահն ասել է, որ իր կարծիքով` Լեռնային Ղարաբաղի լիակատար ինքնավարությունը կարող է ընդունելի լինել և՛ Ղարաբաղի, և՛ Ադրբեջանի համար։ Զուրաբյանը հիշեցրել է, որ ինքն այս հայտարարությունը մեկնաբանել է դեռ 2010 թվականին, երբ այն որպես մեղադրանք նետվել էր այն ժամանակվա իշխանությունների կողմից` նշելով, որ հայտարարությունից երկու ամիս անց ազատագրվեց Շուշին։
Ըստ ՀԱԿ փոխնախագահի` ռազմական գործողությունն արդեն նախապատրաստված էր և արտոնված, իսկ հայտարարությունը հնչել է ընդամենը որպես պատերազմական գործողությունների տեղեկատվական ապահովման բաղադրիչ։
«Հասկանում եմ, որ Նիկոլական տգետների համար դժվար կլինի հասկանալ հատկապես «պատերազմական գործողությունների տեղեկատվական ապահովում» արտահայտության տակ թաքնված բովանդակությունը, բայց ավելին ասելու համար ստիպված պետք է լինեմ բացահայտելու պետական գաղտնիքներ, ինչը բնականաբար չեմ անի։ Ամեն դեպքում, նման բան երբեք չի ներկայացվել դիվանագիտական ատյաններում որպես Հայաստանի դիրքորոշում և երբեք չի եղել մեր քաղաքականության հիմքում, առավել ևս որևէ կապ չի ունեցել Ալմա Աթայի հռչակագրի հետ»,– նշել է Զուրաբյանը։
ՀԱԿ փոխնախագահի կարծիքով` Նիկոլ Փաշինյանի ինքնարդարացման փորձերը ևս մեկ անգամ բացահայտում են մի անմխիթար իրողությունը, որ գործ ունենք ստախոս ղեկավարի հետ, որի միակ նպատակը դարձել է պատասխանատվությունից փախչելը։
«Փաշինյանի դեմագոգիան և ստախոսությունը որևէ սահման չեն ճանաչում։ Երկրորդ օրն է` նա փորձում է իր վրայից մաքրել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեղավորությունը։ Արցախի հայության համար իր աղետալի հետեւանքներով այդ քայլը հավասարազոր է հայ մելիքների դեմ Մելիք Շահնազարի դաշնակցությանը Փանահ խանի հետ»,– նշել է Զուրաբյանը։
Նա վստահ է, որ Փաշինյանի արարքը պատմության մեջ մշտապես կհիշվի որպես Արցախին հասցված երկու դավաճանական և մահացու հարվածներից մեկը։