Սարատովի մարզի Կրասնի Օկտյաբր գյուղի մերձակայքում տեղի է ունեցել գազատարի ապահերմետիզացիա, ինչը հրդեհի պատճառ է դարձել։ Տեղեկությունը հայտնում են ռուսական ԶԼՄ–ները` հղում անելով ԱԻՆ տարածաշրջանային գլխավոր վարչությանը։
ԱԻՆ–ից տեղեկացրել են, որ խոսքը Պեսչանի–Ումետ–Ստորոժևկա գազատարի առաջին գծի մասին է (d-1000), հաղորդումը ստացել են տեղական ժամանակով 07:37–ին։ 2 հա մակերեսով խոտածածկ տարածք է այրվել, տեղում հրշեջ ծառայության 4 հաշվարկ է աշխատել։
Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել։
Գերատեսչությունից նշել են, որ դեպքի մասին հայտնել են «Գազպրոմ տրանսգազ Սարատով» ընկերությանը։ Այնտեղից ասել են, որ գազատարում առկա վառելիքը նախատեսված չի եղել բնակչության համար։
Ավելի ուշ մարզի կառավարության` բնակչության կենսագործունեության անվտանգությունն ապահովող վարչության պետ Յուրի Յուրինը տելեգրամյան ալիքում հայտնել է, որ բաց օջախը մարվել է։