Փաշինյանը տարածաշրջանային հարցեր է քննարկել Իտալիայի նախկին վարչապետի հետ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդիին
ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ Ռոմանո Պրոդիի հետ այսօրվա հանդիպումը հնարավորություն կտա քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր է քննարկել Իտալիայի նախկին վարչապետ, Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Վարչապետը ողջունել է հեղինակավոր գործչի այցը Հայաստան և շնորհավորել նրան ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչմանն արժանանալու առթիվ:
ՀՀ վարչապետն ընդգծել է Պրոդիի նման փորձառու գործիչների հետ ԵՊՀ-ի համագործակցության անհրաժեշտությունը և հավելել, որ այսօրվա հանդիպումը հնարավորություն կտա քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:
Ռոմանո Պրոդին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ ուրախությամբ է այցելել Հայաստան:
Նշենք, որ ավելի վաղ` սեպտեմբերի 12–ին, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում ընդունել էր Ռոմանո Պրոդիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել էր համաշխարհային տնտեսության զարգացման ուղղություններում ներկայումս ընթացող վերափոխումների և հիմնական միտումների վերաբերյալ տեսական հարցերի լայն շրջանակ: