ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօրվա ընթացքում արդեն 3–րդ ապատեղեկատվությունն է տարածում ՀՀ սահմանի հետ կապված, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 14-ին` ժամը 14։50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈւ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ պաշտպանական գերատեսչությունն առավոտյան հերքել էր Ադրբեջանի տարածած այն հաղորդագրությունը, թե սեպտեմբերի 13-ի ժամը 21։35-ից մինչև սեպտեմբերի 14-ի ժամը 00։45-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ադրբեջանին ՊՆ–ն կրկին կեղծ լուրեր է տարածել` ասելով, թե ժամը 13։45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈւ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։