ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին Ֆրանսիայի արձագանքը երկու ժողովուրդների բարեկամության լավագույն արտահայտումներից է: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժի հետ հանդիպմանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Վարչապետը կարևորել է նրա այցը Հայաստան և շնորհակալություն հայտնել Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ամրապնդման գործում ներդրման, հատկապես վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի միջազգային տեսանելիությանը նպաստելու համար»,– նշված է հաղորդագրության մեջ:
Փաշինյանն ընդգծել է, որ Ֆրանսիայի կողմից ուղարկված հումանիտար օգնությունը դեռևս ԼՂ ժողովրդին չի հասել:
Ժան-Լուի Բուրլանժն իր հերթին ևս մեկ անգամ ընդգծել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին և ԼՂ ժողովրդին` հաղթահարելու դժվարություններն ու առկա խնդիրները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժի հետ
Զրուցակիցները քննարկել են նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ պետական սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով զորքերի տեղաշարժերի հետևանքով ստեղծված լարվածությանը, ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ քայլերին, հայ-ֆրանսիական համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։
Ի դեպ, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն օգոստոսի 30-ին Հայաստան էր ժամանել` Արցախ ուղարկվող հումանիտար օգնությունն անձամբ ուղեկցելու համար։ Հաջորդ օրը Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին կանչել էին երկրի ԱԳՆ և բողոքի նոտա հանձնվել այդ պատճառով։