ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի, և դա քննարկման ենթակա չէ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի քարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը՝ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ լսումների ժամանակ: Հանձնաժողովի նիստը հրավիրվել է նախագահ Բոբ Մենենդեսի նախաձեռնությամբ:
Պատասխանելով նրա հարցերին՝ Քիմը նշել է, որ Պետդեպարտամենտը համաձայն է, որ իրավիճակը հետաձգում չի հանդուրժում։ Նրա խոսքով՝ հարցը քննարկվել է առերես և հեռախոսով բոլոր կողմերի՝ Բաքվի, Երևանի, Ստեփանակերտի հետ։ Աշխատանքներ են տարվել նաև միջազգային գործընկերների հետ, որ օգնեն երկար ժամանակ անց օգնությամբ առաջին բեռը տեղ հասցնել։ Նա նշել է` դա ռուսական բեռ է, բայց ինչ էլ որ լինի, կարևոր է, որ բեռները սկսեն գնալ։
«Մենք` բոլորս, կարծում եմ, համաձայն ենք, որ դա (մեկ բեռնատարը, - խմբ.) բավարար չէ։ Լաչինի միջանցքը պետք է բացվի։ Այլ ճանապարհներն, իհարկե, նույնպես, բայց Լաչինի միջանցքը պետք է բացվի, և դա քննարկման ենթակա չէ», - նշել է Քիմը։
Քիմը հիշեցրել է, որ Լաչինի միջանցքի սկզբնամասում և Ակնայի ճանապարհին շարասյուներ են կանգնած շաբաթներ շարունակ, նշել, որ Լեռնային Ղարաբաղում բանակցությունների գծով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոն այժմ գտնվում է Հարավային Կովկասում և նրա խնդիրներից մեկն է ապահովել այդ ապրանքների անհապաղ և միաժամանակյա առաքումը Լեռնային Ղարաբաղ
«Նախագահ Ալիևը և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները հրապարակավ հայտարարեցին, որ իրենք համաձայն են դրան։ Անհրաժեշտ է շարունակել աջակցել կողմերին կառուցողական աշխատանքում, և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին, որ մարդասիրական օգնություն ընդունեն հեղինակավոր միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ ԿԽՄԿ-ից»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Իր հերթին սենատոր Փիթ Ռիկեթսը նշում է, որ Հայաստանում շատերը համարում են, որ Ռուսաստանը միակ իրական խաղացողն է անվտանգության հարցերում։ Հարցին, թե Հայաստանը ԱՄՆ-ի հետ վարժանքներ անցկացնելով պարզապես ցանկանում է դժգոհության նշան ուղարկե՞լ Ռուսաստանին, թե՞ իսկապես ցանկանում է ավելի սերտ համագործակցել Արևմուտքի հետ, Քիմը պատասխանել է, որ դեռ վաղ է այդ մասին խոսել։
Բայց դա չի նշանակում, որ ԱՄՆ-ը չպետք է փորձի իրադարձությունների ընթացքն ուղղել դեպի նման լուծման։ Նա հավելել է, որ անհրաժեշտ է ցույց տալ ԱՄՆ–ի ներկայությունը, ինչի համար էլ Հայաստանին ուղղված օգնությունն այդքան կարևոր է։
«Անհրաժեշտ է, հնարավորության դեպքում, ընդլայնել Հայաստանին օգնության ծրագրերն այնպես, որ դա ընդունելի լինի հենց Հայաստանի համար»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Հարցին, թե արդյո՞ք Հայաստանն օգնում է Ռուսաստանին պատժամիջոցների ընթացքում մատակարարել էլեկտրոնիկա և այլ սարքավորումներ, Քիմը բացասաբար է պատասխանել։
«Ես կարծում եմ, որ Հայաստանը պահպահել է պատժամիջոցային ռեժիմը։ Բայց մենք հետագայում կքննարկենք այս հարցը և կներկայացնենք լրացուցիչ նկատառումներ»,–ասել է նա:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։