Հոտնկայս հանդիսատես ու չդադարող ծափողջյուններ. ինչպես են դիմավորել Սմբատյանին

Տեսանյութում երևում է, թե ինչպես է հանդիսատեսը ոտքի կանգնում և ծաղկեփնջերով բեմ բարձրանում։
Sputnik
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կալանքից հետո առաջին անգամ ներկայացավ հանդիսատեսին, որը հոտնկայս, չդադարող ծափողջույններով դիմավորեց նրան։ Տեսանյութը հրապարակվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջում։
«Մեկնարկեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 18-րդ համերգաշրջանը»,–տեանյութին կից գրված է հրապարակման մեջ։
Հայտնել էինք, որ այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից անցկացվող ամենամյա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգը, որը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Նշենք, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից Սերգեյ Սմբատյանի և նրա հոր` Իսրայելում և ՌԴ–ում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանի խափանման միջոցը փոխվել է։ Նրանք 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ են արձակվել ։
Հիշեցնենք` հուլիսի 30–ին հայտնի դարձավ, որ կալանավորվել են Արմեն Սմբատյանն ու Սերգեյ Սմբատյանը։
Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), իսկ Սերգեյ Սմբատյանին և գործարար Ա.Պ–ին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)։
Օգոստոսի 24–ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բեկանեց դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Որպես խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը։