ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունները հակառուսական լուրջ շարժում իրականացնելով`երկիրը վերածում են ուժային կենտրոնների միջև ռազմադաշտի և իշխանության որևէ գործողություն համահունչ չէ երկրում ստեղծված վիճակին։ Նման տեսակետ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Օհանյանի կարծիքով` ՀՀ իշխանությունները 44-օրյա պատերազմից հետո գործում և որոշումներ են ընդունում ճնշումների ներքո, և նրանց որոշումները ռազմաքաղաքական իրավիճակին ոչ համահունչ են։
«Հաշվի չեն առնվում գերակա և կարևոր խնդիրը։ ՀՀ իշխանությունների համար գերակա խնդիրն իրենց իշխանության պահպանումն է։ Այս ժամանակահատվածում իրենց ամբողջ ուժերն ուղղել են աթոռները պահելուն։ Իսկ այն պայմանավորվածությունները, որ իրենք ձեռք են բերել, ձեռք են բերել միայն տարածաշրջանում նոր խաղացողների ճնշման ներքո։ Վատ քաղաքականություն են վարում.նախ`Արցախը Ադրբեջանի մաս են համարում, և երկրորդ՝ հակառուսական լուրջ շարժում իրականացնելով` երկիրը վերածում են ուժային կենտրոնների միջև ռազմադաշտի»,–նշեց Օհանյանը։
Պաշտպանության նախկին նախարարի տեսանկյունից` անվտանգության ապահովման հարցերում իշխանությունների լռությունն իրականում այլ բան է խոսում՝ հասարակության հետ աշխատելու և նրա անհանգստությունն ու մտահոգությունները փարատելու անկարողության մասին:
«Երբ իշխանությունն ասում է, որ չի կարող խորհրդարանի ամբիոնից մանրամասներ ներկայացնել անվտանգության ապահովման միջոցառումների վերաբերյալ, դա նշանակում է, որ նա չի տիրապետում հասարակության հետ աշխատելու մեթոդաբանության։ Երեկվա հարցուպատասխանը ևս մեկ անգամ հաստատեց հայտնի խոսքերը` ով ուզում է աշխատել, միջոցներ է ձեռնարկում, ով չի ուզում ՝ պատճառ է փնտրում»,-կարծում է Օհանյանը։
Իրականում իշխանությունը պետք է հստակ գնահատական տա առաջնագծում տիրող իրավիճակին, այդ ամենը քննարկի տարբեր օղակներում ՝ ԳՇ-ում, ՊՆ-ում, ԱԽ-ում, և դրանից ելնելով`միջոցներ ձեռնարկի։
«Առաջնագծի կահավորման, ինժեներաշինարարական աշխատանքների համար ողջ ներուժն օգտագործելու փոխարեն իշխանություններն այդ ներուժն ուղղում են ճանապարհներն ասֆալտապատելու վրա։ Բանակային ստորաբաժանումներն արագ համալրելու և բանակի հնարավորություններն ուժեղացնելու փոխարեն՝ իշխանությունները մինչև վերջին միլիմետրը հանդերձավորում է ոստիկանությանը։ Այս բոլոր նախապատրաստությունները պետք է առաջին հերթին իրականացվեին բանակում, և երկրի ողջ ներուժը պետք է ուղղվեր մարտական կարողությունների հզորացմանն ու բարձրացմանը»,–նկատեց Օհանյանը։
ՀՀ պաշտպանության նախկին նախարարըմտավախություն ունի, որ Ադրբեջանի կողմից անվերջ տեղաշարժերը, տեխնիկայի կենտրոնացումը, ռազմական ներուժի ավելացումը կարող են հանգեցնել նոր բախման: